Հայրենական և համաշխարհային ականավոր գիտնականների համաստեղության մեջ իրենց արժանի տեղն են զբաղեցնում Օրբելի եղբայրները: Յուրաքանչյուրը իրենց բնագավառում հանդիսանում են հեղինակություններ: Նրանց ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև գիտական սերունդներ:
Հետաքրքրոթյունը Օրբելի եղբայրների կյանքի և գործունեության վերաբերյալ միշտ էլ եղել է մեծ և այդ մասին գրվել են բազմաթիվ աշխատանքներ: Նրանց ավանդը գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ այսօր էլ ունի այժեմեական նշանակություն:
Ծաղկաձոր քաղաքն այսօր դարձել է հանրապետության զբոսաշրջության կենտրոններից մեկը, և քաղաքի միակ մշակութային օջախը Օրբելի եղբայրների թանգարանն է: Իր գործունեության 35 տարիների ընթացքում թանգարարանը զբաղվում է նաև հրատարաքչական գործով, և ընթերցողի դատին ներկայացվել են բազմաթիվ աշխատանքներ, որից երկու վերջին աշխատանքների մասին ուզում ենք խոսել այսօր:
Ճատրակ
Մեծ աշխարհին այսօր փոքրիկ Հայաստանը ներկայանում է որպես շախմատային գերտերություն: Այդ բարձր որակումը հայերս վաստակել ենք աշխարհին շախմատային մտքի հսկաներ տալով՝ Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան, Գարի Կասպարով, Լևոն Արոնյան: Այսինքն՝ շախմատը, որպես սուր մտքի և ուժեղ տրամաբանության խաղ, հայոց ազգային գիտակցությանը ներհատուկ մարզաձև է՝ մտքի վարժանք:
Այս դիտանկյունից առավել կարևորվում է այս աշխատանքը, որը կատարվել է՝ հայոց շախմատասեր հանրությանը ներկայացնելու մեկ այլ տաղանդաշատ հայորդու՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու աշխատասիրությամբ 1936 թվականին հրատարակված §Ճատրակ¦ գիրքը:
Քանի որ գիրքն ընդգրկում է և՛ ռուսերեն, և՛ հայերեն թարգմանված տեքստերը, այն կարող են կարդալ ընթերցող առավել լայն շրջանակներ: Վստահ ենք, որ մեր շախմատասեր ընթերցողները հաճույքով կծանոթանան շախմատի ստեղծման հիրավի հեքիաթային պատմությանը, կիմանան, թե ով, որտեղ և ինչու հնարեց նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես և ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին:
Շախմատը ծագել է Հնդկաստանում, այնուհետ ընդունվել ու տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետև սփռվել Եվրոպայում, մասնավորապես գիտական արժևորում ստացել Կաստիլիայի արքա Ալֆոնս Իմաստունի կողմից:
Հովսեփ Օրբելին նշում է, որ անգամ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերում գյուղացիները շախմատ են խաղացել, այսինքն՝ այս խաղը իրապես համազգային սիրո է արժանացել Հայաստանում: Նշանակում է՝ ժամանակն է, որ այս գիրքը հայտնվի մեր ընթերցողների սեղանին՝ պատգամելով պահպանել մտքի ճկունությունը և առողջ տրամաբանությունը, որպեսզի հաղթանակները կյանքում և շախմատում իրական լինեն: